Միջատները անողնաշարավոր հոդվածոտանի դասի կենդանիներ են, որի ներկայացուցիչների մեծ մասը կարող է թռչել։ Կենդանիների այս խումբը տեսակների թվով ամենաբազմաքանակն է, լցնում է բոլոր հնարավոր էկոլոգիական խորշերը և հանդիպում է ամենուրեք։ Ներկայումս նկարագրված է միջատների ավելի քան մեկ միլիոն տեսակ, և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ։ Միջատների տեսողության առանձնահատկությունը պայմանավորված է նրանց աչքերի ֆասետային կառուցվածքով։ Ֆասետային աչքերը կազմված են հազարավոր օմատիդիումներից։ Ամենաշատ օմատիդիումներ ունեն թիթեռների (12-17 հազար) և ճպուռների (10-28 հազար) աչքերը։ Կարելի է նաև ասել, որ միջատները ծայրահեղ «կարճատես» են։ Միջատների աչքերի մյուս առանձնահատկությունն այն է, որ նրանք լավ տեսողություն չունենալով հանդերձ, այդ աչքերի կառուցվածքի շնորհիվ շատ լավ են ընկալում օբյեկտների շարժումները։ Դա հատկապես կարևոր է վտանգից խուսափելու համար՝ միջատները շատ արագ են արձագանքում ցանկացած շարժմանը։ Նաև կան միջատներ որոնք ընդունակ են լույս արձակել։ Տարբեր միջատների մոտ լսողության մեխանիզմները տարբեր են։

