
Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (70−90 %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից:
Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ:
Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:
Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:
Աչքի ֆունկցիան
Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:
Հոնքերը, կոպերը և թարթիչները (արտևանունքները) աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից:
Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից:
Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ:
Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը: Ակնագնդի պատը բաղկացած է 3 թաղանթներից` սպիտակուցաթաղանթ, անոթաթաղանթ (ակնաթաղանթ) և ցանցաթաղանթ: Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը:
Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորել թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է:
Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը, որի մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Ակնաբյուրեղը, փոխելով կորությունը, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի ձևավորումը:
Ցանցաթաղանթը ակնագնդի ներքին թաղանթն է, որն ունի երկու տեսակի լուսընկալիչներ՝ ցուպիկներ և սրվակիկներ, ընդ որում ցուպիկներն ավելի շատ են (մոտ 130 մլն) և օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում:
Սրվակիկները քիչ են (մոտ 7 մլն), ընկալում և տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում:
Ցանցաթաղանթի վրա՝ բբի դիմաց,սրվակիկների կուտակման տեղը կոչվում է դեղին բիծ, որն ընկալում է բբի դիմաց գտնվող առարկաների հստակ պատկերը: Ցանցաթաղանթի այն մասը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը, չունի ընկալիչներ և կոչվում է կույր բիծ: Ակնաբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը լցված է թափանցիկ դոնդողանման նյութով, որը կոչվում է ապակենման մարմին:

Առարկաներից արտացոլված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի և ոսպնյակի, ապա նաև ապակենման մարմնի միջով, բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ, բայց փոքրացած ու շրջված պատկերը: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով հասնում են մեծ կիսագնդերի տեսողական գոտի, որտեղ ձևավորվում է տեսողական զգայությունը, և մենք առարկան տեսնում ենք իր բնական դիրքով ու չափով:
Աչքի հիվանդություններ
Կարող է լինել աչքի կամ դրա մասերի թերզարգացում, որը ժառանգական բնույթի է կամ առաջանում է պտղի վրա տարբեր վնասակար գործոնների, առավել հաճախ հղիության ժամանակ մոր կրած հիվանդության ազդեցությունից։ Աչքի արտաքին մասերը մատչելի են մանրէների, ինչպես նաև ֆիզիկական ու քիմիական գործոնների ազդեցությանը, որից կարող են ախտահարվել կոպեզրերը (կոպաբորբ), լորձաթաղանթը (շաղկապենաբորբ), եղջերաթաղանթը (եղջերենաբորբ)։ Հարկավոր է հաշվի առնել, որ բակտերիաներից և վիրուսներից առաջացած շաղկապենաբորբը հաճախ վարակիչ է։ Երբեմն բորբոքումը տարածվում է դեմքի՝ աչքին հարակից հատվածների վրա։ Հազվադեպ ախտահարվում են ակնագնդի պատյանները (անոթաթաղանթաբորբ, ծիածանաթաղանթի և թարթիչային մարմնի բորբոքում, ցանցաթաղանթաբորբ)։ Տարիքային փոփոխությունները և ընդհանուր հիվանդությունները երբեմն առաջացնում են ոսպնյակի մթագնում։ Աչքում հեղուկի շրջանառության բնականոն գործընթացի խանգարման դեպքում կարոդ է բարձրանալ ներակնային ճնշումը և գլաուկոմայի պատճառ դառնալ։ Հաճախ աչքի ախտահարումը պայմանավորված է ներքին օրգանների հիվանդություններով և դրսևորվում է որպես վերջիններիս ախտանշան։ Աչքի փոփոխություններ կարող Են նկատվել նաև կենտրոնական և ծայրամասային նյարդային, սիրտանոթային համակարգերի հիվանդությունների, թունավորումների, նյութափոխանակության խանգարումների, ներզատիչ գեղձերի ախտահարումների, աչքի հարակից մասերի (դեմքի և գլխի մաշկածածկույթների և ոսկրերի, քթի հավելյալ ծոցերի) հիվանդագին գործընթացների դեպքերում։

Տեսողական պատրանք
Տեսողական պատրանքը, բնութագրվում է տեսողական պատկերներով, որոնք տարբերվում են իրականությունից։ Տեսողական պատրանքները իրականության բաժանված ընկալումների հայտնի ձևերից են։
Օպտիկական խաբկանքը հատուկ է ողջ տեսողական ապարատին և չի վերանում բազմակի դիտումների դեպքում։
Տեսողական պատրանքներն առաջ են գալիս ոչ թե աչքերում, այլ տեսողական անալիզատորի ուղեղային կենտրոններում։ Գոյություն ունեն երեք հիմնական տիպի տեսողական պատրանքներ.
1. բուն տեսողական
(օպտիկական) պատրանքներ
2. ֆիզիոլոգիական պատրանքներ
(պայծառություն, գույն, չափ, տեղադրություն, շարժում)
3. իմացական, ճանաչողական
(կոգնիտիվ) պատրանքներ, որոնք անգիտակից վիճակում արված հետևությունների արդյունք են:
Պատրանքները հալյուցինացիաներից (զգայապատրանքներից, զգայախաբկանքներից) տարբերվում են նրանով, որ այս դեպքում ընկալվող օբյեկտները իսկապես կան և գտնվում են մարդու առջև։

