Մաշկը կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների ընկալիչները (ռեցեպտորներ) և մաշկի բաղադրիչները` ճարպագեղձերը, քրտնագեղձերը, կաթնագեղձերը, մազերը, եղունգները: Բնական բացվածքների, անցքերի շրջանում մաշկը վերածվում է լորձաթաղանթի:
Մաշկի ռեցեպտորներն ընկալում են ջերմությունը, շփումն ու հպումը, հարվածը և տարբեր ազդակներից առաջացած գրգիռները (նաև ցավը)` դրանք հաղորդելով կենտրոնական նյարդային համակարգ:
Բացի գրգիռներն ընկալող և հաղորդող հատկությունից, մաշկն ունի նաև մի շարք կարևոր ֆունկցիաներ` պաշտպանական (մաշկային ծածկույթը պաշտպանում է ամբողջ մարմինը արտաքին ազդակներից), արտազատական (ճարպ և քրտինք), շնչառական, ջրաաղային փոխանակության և ջերմականոնավորման: Միևնույն ժամանակ այն արյան պահեստ է:
Մաշկը բաղկացած է երկու` մակերեսային (վերնամաշկ) և խորանիստ (բուն մաշկ) շերտերից:



