Կոմիտասը ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր, մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:
Կոմիտաս | 1869-1935թթ., Թուրքիա
Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:
Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։
Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:
Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:
Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով:
Անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ, նոտագրում էր առանց ջնջումների:
Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր ուղղակի հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:
Սիրում էր ժամանակակից իրեր. ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար:
Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:

