Վիտամիններ

Վիտամինները կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և անփոխարինելի են: Վիտամինների մեծ մասը մարդն ստանում է սննդի հետ, և սոսկ մի քանիսն են սինթեզվում օրգանիզմում: Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, այսպես կոչված, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների: Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները: Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճմանը և ամբողջ օրգանիզմի զարգացմանը: Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը:

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:

Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

Վիտամինների դասակարգումը՝

Վիտամինների ազդեցության ոլորտը բացահայտվել է մինչ դրանց կառուցվածքի հայտնաբերումը և հիմք է հանդիսացել վերջիններիս դասակարգման համար։ Ի սկզբանե շրջանառության մեջ է դրվել վիտամինների այբբենական դասակարգումը, և չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի արտացոլում  վիտամինների ո՛չ կենսաբանական, ո՛չ էլ ֆիզիկական հատկությունները`   այն մինչ օրս ամենալայն կիրառություն ունեցող դասակարգումն է։ Մեր օրերում գիտնականները բացահայտել են մի քանի տասնյակի հասնող վիտամիններ, որոնց ուսումնասիրությունն առավել մատչելի դարձնելու նպատակով վիտամինները դասակարգում են ըստ իրենց ֆիզիկական հատկությունների. ա) ճարպալույծ վիտամիններ, բ) ջրալույծ վիտամիններ։

Ճարպալույծ վիտամիններն են`  

  • վիտամին A-ն
  • վիտամին D-ն
  • վիտամին E-ն
  • վիտամին K-ն

Ջրալույծ վիտամիններն են`  

– B խմբի վիտամինները, որոնք մոտ երկու տասնյակի են հասնում։ B խմբի վիտամիններից յուրաքանչյուրն ունի իր քիմիական ու կենսաբանական առանձնահատկությունները և օրգանիզմի վրա կենտրոնական նյարդային համակարգի միջոցով ներազդելու մեխանիզմները։

  • Վիտամին C-ն
  • Վիտամին PP-ն

Վիտամինների ազդեցությունը

Սննդի մեջ վիտամինների պակասն օրգանիզմում տարբեր խանգարումների տեղիք կարող է տալ, որոնք արտահայտվում են ընդհանուր կամ ոչ հատկանշական ախտանիշներով, օրինակ. ախորժակի բացակայությամբ, մազաթափությամբ, աճի դադարով, քաշի կտրուկ նվազումով և այլն։ Այս ընդհանուր ախտանիշներին այնուհետև հաջորդում են այնպիսիք, որոնք հատուկ են հենց այս կամ այն վիտամինի պակասին։ Դրանք հատկանշական ախտանիշներն են։ Այն հիվանդությունները, որոնք զարգանում են վիտամինների քաղցի կամ պակասի պայմաններում, կոչվում են ավիտամինոզներ (աճի դանդաղում, ռախիտ, պելլագրա և այլն)։ Վիտամինային անբավարարության, իսկ այնուհետև ավիտամինոզի պատճառ կարող են լինել, օրինակ, սննդի ոչ լիարժեք վիտամինային հագեցվածությունը, աղեստամոքսային համակարգի կողմից վիտամինների և ճարպերի ոչ լիարժեք յուրացումը, մեզի միջոցով դրանց մեծ քանակությամբ արտանետումը (լյարդի և երիկամների հիվանդությունների ժամանակ միզամուղ դեղամիջոցների երկարատև օգտագործման պարագայում), վիտամինների մեծ պահանջարկը (օրինակ. պալարախտի ժամանակ վիտամին C-ի գերածախսը)։

A, B12, D, E, PP հիպովիտամինոզներն օրգանիզմում կարող են զարգանալ լյարդի տարաբնույթ հիվանդությունների և մարսողական համակարգի խանգարման ժամանակ սննդի մեջ ճարպերի, ինչպես նաև ձկան ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործման պարագայում։ B1, B2, B6, C, K հիպովիտամինոզները կարող են սկսվել դիսբակտերիոզի պայմաններում սննդում ոչ լիարժեք քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, հաց օգտագործելու դեպքում։ Տարբեր հիպովիտամինոզների զարգացման համար ազդակներ կարող են դառնալ զանազան ինֆեկցիոն հիվանդությունները, առատ միզարտադրությունն ու փորլուծությունը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы